«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ես ինձ չեմ ստիպում գրել, տողերն իրենք են գալիս ու հարմարվում համակարգչիս էկրանին»

«Ես ինձ չեմ ստիպում գրել, տողերն իրենք են գալիս ու հարմարվում համակարգչիս էկրանին»
30.10.2015 | 11:10

ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ. ծնվել է Վանաձորում, ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը։ Ընտանիքով ապրում է Մոսկվայում, ապրումները, ուշքումիտքը, սակայն, Հայաստանում են։ Այս մարդամոտ, հումորով լոռեցին սկզբում ուշադրությունս գրավեց ոչ հաճախակի հանդիպող իր ազգանունով, որը նաև հանգուցյալ կնոջս ազգանունն է։ Հետո համացանցում սկսեցին մեկը մյուսի հետևից երևալ նրա նովելները, բանաստեղծությունները, հուշապատումները, ապա մամուլի հրապարակումները։ Հետո իմացա, որ առաջին պատմվածքը կամ նովելը գրել է ընդամենը մի վեց-յոթ ամիս առաջ։ «Ես ինձ չեմ ստիպում գրել, տողերն իրենք են գալիս ու հարմարվում համակարգչիս էկրանին», ասում է ու «թղթին հանձնում» իր ինքնատիպ տողերը։ Այսօր արդեն հավաքվել է մի գրքի նյութ, որի ակամա խմբագիրը դարձա, և ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում «ձեռագրի» այդ տրցակից առնված մի գործ, որը, հաստատ, հատուկ ընտրված չէ, և ամենալավն էլ չէ, պարզապես բնորոշ է։
Քեզ ստեղծագործական հաջողություն եմ մաղթում, սիրելի Տաթև, և թող մեր թերթի այս հրապարակումը նվեր լինի քո ու դստերդ` Էվայի, ծննդյան օրվա առթիվ (մայր ու աղջիկ, պարզվում է, ծնվել են նույն օրը` հոկտեմբերի 30-ին)։
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Թերի՜, թերի՜, թերի՜

Դու խակ ես, թեպետ արդեն բոլորել ես հիսուն տարիդ, բայց խակ ես, հումորից զուրկ, անմիտ, անզգացմունք, ու թե ինչո՞ւ ապրեցի այսքան կյանք քեզ հետ` ես էլ չիմացա, ու թե ինչո՞ւ քո նմանը դարձավ ինձ կողակից` ես էլ չիմացա, ու թե ինչո՞ւ քո նման գեշին ընտրեցի հազար սիրունների միջից` ես էլ չիմացա... Մտքում կնոջ հետ կռվելով քայլում էր Սուրենը, միառմի «հիշում» կնոջ անցավորներին, հատկապես քեռուն, որի միջոցով ծանոթացել էր սև աչքերով, սև մազերով, պեպենոտ Սուսանի հետ, ով տարիների հետ դարձել էր շիկահեր Սուսո, բայց միայն այդքանը: Էլի երեկոները իրենք լռում էին՝ խոսելու նյութ չկար, էլի գիշերները առանձին էին քնում՝ էլ սեր չկար, էլի առավոտները առանձին էին նախաճաշում, որովհետև... Որովհետև արդեն քանի տարի, երբ ինքը պատրաստվում էր աշխատանքի գնալու, կինը չէր ճանապարհում, քնած էր։ ՈՒ թե ինչպես եղավ, ու թե այս տարիները ոնց էին գլորվել, թռել՝ ինքը չէր հասկանում: Հիմա կնոջ ծնունդն է, ինքը լավ գիտի, եթե ծաղիկներ տանի՝ Սուսանի սև աչքերի նախատինքին պիտի հանդիպի, եթե նվեր տանի՝ մռթմռթոցին: Սուսոն միայն փող է սիրում, գույնը կարևոր չէ, փող լինի ու զրոները շատ: Մի կոշիկի մի քանի գույնը, մի պայուսակի մի քանի գույնը: Քաղքենի Սուսոյին մի աշխատող, օր ու գիշեր աշխատող տղամարդը քիչ է՝ ուզածն առնելու համար: Հորական տանը Սուսանը խեղճ է ապրել. երեք քույր՝ երկու կոշիկ, երեք քույր՝ երկու պայուսակ, երեք քույր... երեք քույր... երեք քույր, որոնց Սուրենը տիրություն արեց, երկուսին էլ վերջում օժիտավորեց, ճանապարհեց, ու հիմա երևի նրանց ամուսիններն են մտքում «հիշում» Սուրենին:
Աշխարհից խռով չէր, չէր նեղանում, աշխարհն էլ իրենից չէր նեղացած, բայց Սուրենը մեկ-մեկ տուն չէր ուզում գնալ: Մեկ-մեկ, իբր գործը շատ էր, մնում էր աշխատավայրում. բազմոցին քներ, թե Սուսոյի կողքին, մեկ էր: Ինքը սիրում էր տունը, ընտանիքը, բայց ինչքան սիրում էր, մի այդքան էլ հասկանում էր, որ բարակ թելով է կապված տանը, ընտանիքին, աշխատանքին, ու միայն մի ժպիտ, մի հուսադրող խոսք, մի քնքուշ ձայն՝ կթողնի տունն էլ, ընտանիքն էլ, աշխատանքն էլ...
Սոնային սիրել էր, հետո... հետո էլի էր սիրել Սոնային, սիրում էր, բայց աշխարհում ամեն բան չէր որոշում սերը, ու հպարտ Սուրենը օրերը քարշ էր տալիս քաղքենի ու փուչ Սուսանի հետ, մանավանդ որ այս տարիների ընթացքում մի երեխա էլ չունեցան. Սուսոն չբեր էր, ու ինքն ավելի շատ խղճում էր կյանքը փալաս-փուլուսին տված կնոջը, քան հարգում: Իսկ Սոնա՜ն... Սոնան ուրիշ աշխարհ էր։ Սոնան Սուրենի պատանեկությունն էր, երիտասարդությունը: Հաճախ էր ինքը, իբր պատահաբար, իբր չուզելով, իբր հանկարծ գնում Սոնայի աշխատավայր, իբր տնօրենի ընկերն էր ու իբր չէր նկատում երկար գանգուր մազերն ուսերին թափած, հայացքը՝ թղթերի մեջ թաքցրած աղջկան... Աղջկան, որն արդեն քառասունութ տարեկան էր: Երբեմնի գեղեցկությունը պահպանած, բայց այդպես էլ առանց տղամարդու: Որ Սոնան մենակ էր` մեղքի իր մեծ բաժինն էլ Սուրենն ուներ: Ինքը երրորդ կուրսում էր, երբ աղջիկը ընդունվեց համալսարան: Սուրենը սիրահարվեց, խելքահան եղավ ու հայտարարեց, էսպես` տղավարի, էսպես` տղաների մեջ, բոլոր կուրսերի մեջ, հայտարարեց, որ մի քանի օրից ինքը Սոնային առաջարկություն պիտի անի, ու դա տևեց երեսուն տարի: ՈՒ Սոնան գնաց արտասահման, էդպես` աշխարհից խռոված, էդպես` աշխարհից նեղացած, իբր ուսումը շարունակելու, բայց փախավ, փախավ հայրենիքից էլ, Սուրենից էլ, որ ամեն անգամ իրեն փողոցում, համալսարանի բակում կանգնեցնում էր միևնույն տափակ հարցով. ե՞րբ է դասամիջոցը, կամ... կամ... կամ... Սոնան վերադարձավ, երբ Սուրենն արդեն գյուղից քաղաք էր բերել ամեն ինչից զարմացած, հայացքը սառը Սուսանին: Սոնան վերադարձավ ու էլի վերափոխեց, վերաձևեց, հույսերով լցրեց Սուրենի աշխարհը, բայց Սոնան ուրիշի այգին քար գցողը չէր, ու մի անգամ, երբ երեսուն տարվա մեջ Սուրենն իրեն առաջարկեց տուն ուղեկցել, Սոնան ստեց, թե ամուսնացել է: Այդ օրը Սուրենը տուն չգնաց, մնաց աշխատավայրում: Պառկեց բազմոցին ու առաջին անգամ զզվեց ինքն իրենից, իր անհամարձակությունից: Իսկ Սոնան տուն հասավ, նստեց բազկաթոռին ու չիմացավ, թե ինչպես լուսացավ...
...Հիմա կնոջ ծնունդն էր, Հայփոստում առաջին պատահած ծրարը գնեց, գումարը դրեց մեջը, որ նվիրի կնոջը, ու տուն գնաց: Ճանապարհին մի շիշ գինի գնեց. դե, ծնունդ է, գուցե մի բաժակ գինին փոխի ամեն ինչ։ Տուն հասավ, տան դուռը կիսաբաց էր, ներս մտավ, կինն իրար էր անցել, հաճելիորեն զարմացած առաջ գնաց՝ հյուրասենյակում սեղան էր բացված երեք հոգու համար: Ինքն ուրախացավ, համբուրեց կնոջը, տվեց գումարը: Սուսոն շոշափեց ծրարի պարունակությունն ու հաջորդ օրը խանութներում շրջելու երջանիկ զգացողությամբ փարվեց ամուսնուն: Սուրենը մեխվել էր տեղում՝ տան մթնոլորտը ջերմ էր ու ինքը կամաց-կամաց լցվում էր երջանկությամբ: Սկսեց օգնել կնոջը, մի պահ հաշտվեց ճակատագրի հետ, մի պահ ձեռքը մեկնեց դեպի ճակատագիրը` ի նշան հաշտության, բայց ձեռքը բռնող չեղավ, փոխարենը թակեցին դուռը, իսկ դռների մեջ... Սոնան էր՝ իրենց նոր հարևանուհին, որին կինը հրավիրել էր իր ծնունդին... ու Սուրենը մի բաժակ գինի խմելուց հետո հարևանուհիներին մենակ թողեց ու փախավ... գնաց... գնաց... Արթնացավ աշխատավայրի բազմոցին, ու առաջին անգամ աշխարհին, կնոջը, կնոջ քեռուն, քույրերին, Սոնային մեղադրելու փոխարեն մեղադրեց ինքն իրեն։ Աշխատանքի ավարտին առաջին անգամ, ամուսնական կյանքում առաջին անգամ ուզեց տուն գնալ։ Գուցե կինը մի բաժակ թեյի հրավիրի նոր հարևանուհուն։

Դիտվել է՝ 15527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ